Շնորհավոր Սուրբ Ծննունդ

Սուրբ ԾնունդՀայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։

Քրիստոսի ծննդյան իրադարձություններ Դավանաբանական տեքստեր

Հիսուս Քրիստոսի ծննդյան մանրամասն պատմությունը ներկայացվում է միայն Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների մոտ (Մատթեոսի ավետարան, 1-ին գլուխ). Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար[1]: - (Ղկ. 2:4-7) Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ գնացին Հռոմեական կայսրությունում մարդահամարի պատճառով, որն ացկացվում էր Օգոստոս կայսեր օրոք: Այդ ժամանակ Սիրիայում իշխում էր Պուբլիուս Քվիրինիոսը: Համաձայն կայսեր հրամանի՝ մարդահամարի գործընթացը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր քաղաք»: Քանի որ Հովսեփն ու Մարիամը Դավթի ժառանգներն էին, ուղևորվեցին Բեթղեհեմ։ Հիսուսի ծննդից անմիջապես հետո նրան եկան երկրպագելու հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին հրեշտակի հայտնությունից։ Ըստ Մատթեոս ավետարանիչի՝ երկնքում հայտնվեց զարմանահրաշ աստղ, որը նորածին Հիսուսի մոտ բերեց մոգերին: Նրանք ընծաներ նվիրաբերեցին՝ ոսկի, խունկ, զմուռս, ոչ ինչպես նորածնի, այլ Արքայի (Մտ. 2:1-3)։ Այդ ժամանակ «Սուրբ ընտանիքն» արդեն տուն էր գտել (Մտ. 2:1-11)։ Ճրագալույցի Սուրբ պատարագ Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17.00-ից։ Սուրբ ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։ Հետաքրքիր է, որ Ճրագալույցի Սուրբ պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում՝ Սուրբ ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն՝ վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։
(Visited 808 times, 1 visits today)